13.03.2011

Մեկ օրվա պատմություն...

Կիրակի... Ո՜նց չեմ սիրում ես այդ կիրակիները... Կիրակիի հետ կապված ոչինչ չեմ սիրում...
Նորից լուսացրի` իմանալով, որ կիրակի է, ազատ եմ, հանգստանալու եմ...
  Օրս անցկացրեցի տանը` ընտանիքիս հետ, բայց միաժամանակ` մեկուսացված բոլորից... Ինչ-որ մտքերով հայտնվել էի ինչ-որ անգույն, սահմանափակ մի տարածության մեջ... Տրամադրությունս երկու` փոքր-ինչ պարադոքսալ հնչող խոսքերով` նեյտրալ-բացասական...
  Իզուր չէ, որ չեմ սիրում պասիվ հանգիստը. խուսափում եմ մտքերիս հետ մենակ մնալուց...
  Փորձեցի ինքս ինձ շեղել. միացրի սինթեզս, սկսեցի նվագել Դայանա Քրոլլի "So nice"-ը, հետո շեղվեցի դեպի հայկականը, ու, չգիտես ինչու, միայն տխուր երգեր էի նվագում... Անջատեցի գործիքս, մի լավ հարմարվեցի (կարծես` պետք է մի քանի ժամ նույն դիրքով անշարժ մնայի), բացեցի Ռեմարկի «Երեք ընկեր»-ի 302-րդ էջը (այդտեղ էի կանգ առել նախորդ օրը) և շարունակեցի կարդալ... Ինչ-որ տխուր էր ընթացքը, հուզիչ(միայն դա էր ինձ պակասում)... Փակեցի գիրքս, դուրս եկա իմ սենյակից ու մի որոշ ժամանակ անցկացրի հարազատներիս ու մեր հյուրերի հետ...
  Մի փոքր լիցքաթափվելուց հետո նորից վերադարձա, շարունակեցի նվագել... Զգացի` ժամանակը չափից դուրս դանդաղ է ընթանում...
Միացրի համակարգիչս ու փորձեցի շփվել ընկերներիս հետ, կարծես` ստացվում էր, միայն թե ինձ իմ գունավոր կյանքում հազվադեպ ուղեկցող մռայլությունն ու տխրությունը դեռ չէին լքել ինձ...
  Սկսեցի Չարենց կարդալ, չէ՞ որ նա արժանի էր, որ բոլորս այսօր` իր ծննդյան օրը, ևս մեկ անգամ վերհիշեինք իր հիանալի ստեղծագործությունները...
  Ախր չարենցական տխրությունն էլ այնպիսին չէր, ինչպիսին լինում էր սովորաբար Չարենց կարդալիս... Զգում եմ` տանջվում եմ, չեմ կարողանում հանգստանալ, ինչ-որ ուժեր հաղթել են դեմքիս մշտական ժպիտին, իմ` որպես կանոն տանը լինելիս տան ուրախ մթնոլորտը ապահովվելուն, իմ` ընդհանրապես ուրախ լինելուն ու ընկերներիս ուրախացնելուն...ինձ էին հաղթել... Միայն մի բան զգացի, որ մինչ այդ չէի զգացել` դատարկությու՜ն... Ա՛յն էլ գարնանը, ա՛յն էլ` այսպիսի գեղեցիկ, արևոտ եղանակին, ա՛յն էլ այն դեպքում, երբ թվում էր` չունեի ոչ մի պատճառ...
  Զանգահարեցի ընկերուհուս, որը մի ամբողջ գիշեր ինձ հետ սոց-կայքում էր անցկացրել. շատ էր հոգնել, քնել էր... Իսկ ԵՍ ինչու՞ հոգնածություն չէի զգում... Չէ՛, սա ուրիշ պատասխան ունի. երևի արդեն սովորել էի հաճախ գիշերները չքնելուն...
  Ինչևէ... Շարունակեցի ընկերներիս հետ քննարկել ամենատարբեր թեմաներ` փորձելով նրանց տրամադրության վրա բացասաբար չազդել, ու կարծես ստացվեց...
  Ապա աչքի անցկացրի օրվա լրահոսը, փակեցի համակարգիչս ու նորից մեկուսացա...

 
 


  Ես ու իմ մտքերը... Գրողը նրանց տանի՛... Ինձ չհաջողվեց խուսափել այդ հանդիպումից... Ատում եմ մենակության զգացումը, երբ կողքիս (բառի բոլոր իմաստներով) այդքան շատ մարդ կա...
  Երբ այն հայտնվում էր, անկարող էին թե՛ գարունը, թե՛ իմ` էությամբ ուրախ մարդ լինելը, թե՛ ընկերներս, թե՛ երաժշտությունը, որն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է, թե՛ լավ նորությունները, ու նույնիսկ` հարազատներիս ու ընկերներիս հաջողութոյունները, որոնցով ամենաշատն եմ ուրախանում ու հպարտանում կյանքում... Մենակության զգացումը հզոր է ամեն ինչից, իսկ դրա դեմ զենքը մեկն է` սերը...
  Բայց դա ուրիշ թեմա է, ուրիշ զգացողություն, որը բոլորովին էլ չէի ապրում այսօր...
  Փորձեմ չանկեղծանալ մինչև վերջ, իմ սովորության համաձայն ներսումս թաղեմ այդ ողջ նեգատիվն ու տխուրը...
  Ընդամենը բլոգիս այսօրվա` արդեն` երկուշաբթվա էջին թողնեմ մի տխուր փաստ, որ փորձեմ երեքշաբթին սկսել սովորականի պես, ուրախ, ակտիվ, ընկերներիս ու իմ սիրելի մարդկանց հետ` պոզիտիվ միջավայրում...
  Իսկ այդ «տխուր փաստը»... Դա այն միակ երևույթն է կյանքում(չգիտեմ` երևույթ է արդյոք), որը ուղղել չի լինում. այսօր լրացավ իմ ամենասիրելի ու հարազատ մարդկանցից մեկի մահվան 40-րդ օրը...
  Քառասու՜ն օր... Քառասուն օր է, ինչ նա մեր կողքին չէ, նա էլ չկա, միայն այնտեղ է` վերևում... Իսկ իմ գլխում այդ ամենը դեռ չէր տեղավորվում, չէի ուզում հասկանալ, չէի ուզում ընդունել... Փորձում էի մեղադրել կիրակիներին ու անիծել մենակությունը, ցանկացածին մեղադրել դրանում, միայն թե չհիշել, չընդունել, որ ինձ այդքան հարազատ մարդը, այդքան բարի, ուրախ, ուժեղ, իմ արյունը, էլ չկա...
  Իմ 24-ժամյա անընդհատ տխրության, մենակության ու դատարկության զգացումների միակ պատճառը այդ սարսափելի իրակնությունն էր... ՈՒ դեռ որքա՜ն եմ տանջվելու այսօր, վաղը, ամեն անգամ նրա բացակայությունը զգալիս, ամեն տոնին, որ առանց նրա պարզապես չէր կայանում...
  Այսօր տասնյակ մարդիկ կհավաքվեն, նորից կհիշեն նրան, իսկ շուտով կանցնեն իրենց առօրյա կյանքին, հոգսերին, ուրախություններին... Իսկ նա երբեք չի վերադառնա... Կյանքն է այդպիսին...

  ՈՒզում եմ միշտ այդպիսին հիշել նրան` անհնարին թվացող այդչափ բարությամբ, միշտ ժպիտը դեմքին, հոգատար, սրտացավ...ու այնքա՜ն հարազատ...
 
  ՈՒզում եմ, որ հայրենիքիդ հողը, որի համար հերոսաբար կռվել ու հաղթանակած վերադարձել էիր, թեթև լինի շիրիմիդ...

  

Միշտ կապրես իմ սրտում...

Комментариев нет:

Отправить комментарий