28.03.2011

Օվալաձև սենյակը փակ է նույնիսկ Սպիտակ Տան 'տիրոջ' համար կամ Когда шеф неожиданно возвращается из командировки...


  Հայե՛ր, նկատե՞լ եք` էդ Օվալաձև սենյակը Օբամայի հետ ընդհանրապես «չունի»... :)
  Երևի շատերը կհիշեն, որ 2009 թվականի հունվարին Օբաման  սխալմամբ փորձեց Օվալաձև սենյակ պատուհանով մտնել, որը իրականում դժվար է տարբերել սովորական ապակե դռնից... 



ՈՒրեմն 2 օր առաջ էս մեր Օբաման կրկին չի կարողացել միանգամից մտնել Օվալաձև սենյակ, քանի որ էն դուռը, որից նա սովորաբար ներս էր մտնում, փակ է եղել... Հիշեցնեմ, որ նա վերադառնում էր մեկշաբաթյա լաԾինամերիկյան շրջագայություններից։ 
Անհոգ ձևով, քթի տակ շվշվացնելով՝ պետության նախագահը մոտեցել է դռանը, սակայն այն փակ է եղել։ Բայց ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն իրեն չի կորցրել. նա մի քանի քայլ առաջացել է ու ներս մտել մյուս դռնով...
Սա, բնականաբար, բազմաթիվ լրագրողներ ու պապարաZZիներ են նկատել... Ամերիկացի լրագրողների ենթադրությամբ՝ ամենայն հավանականությամբ Սպիտակ տան անձնակազմին չի ասվել, որ նախագահը էդ օրը գալու է աշխատանքի։ Արդյունքում պահակները կամ հավաքարարները աշխատասենյակ տանող հիմնական դուռը չեն բացել... 

Ինչպես նկատեցիք, սա առաջին դեպքը չէ, որ նախագահը աշխատասենյակ մտնելիս ոչ սովորական իրավիճակում է հայտնվում ։)




ՀԳ - պԱվնիմաԾելնեյ նադԸ, դՌուգ մոյ, էտԸ ժ նԻ Գոնոլուլու ԾԻբե վ ԳավաՅի... =))

25.03.2011

Հայաստան VS Ռուսաստան


Վաղը` մարտի 26-ին, ժամը 19:00-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա «Եվրո 2012»-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը... 
Դեռ մի քանի օր առաջ /մոտ 1 շաբաթ կլինի/ ՀՖՖ-ից հայտարարեցին, որ խաղի տոմսերն ամբողջությամբ սպառված են... Այդ տոմսերը  3, 5 և 7 հազար դրամ արժեք ունեին.... Բայց արի ու տես, որ այս 4-5 օրվա ընթացքում եղել են ֆուտբոլասերներ, որոնք տոմսեր են գնել մոտ 10 անգամ թանկ գնով, ավելի կոնկրետ` 45-50 հազար դրամով...
Պարզվում է` հայտնվել են որոշ հեռատես խելոքներ ու «բիզնես անելու» առիթը բաց չեն թողել. նախօրոք գնելով 3-7 հազարանոց տոմսերը` դրանք վերավաճառել են 45-50 հազար դրամով...
Ինչևէ, ՀՖՖ-ն դրա պարզաբանումներն ավելի ուշ կտա, իսկ ես ուզում եմ դա թողնել առանց մեկնաբանության ու անրադառնալ վաղվա խաղին...



Ինչպես հայտարարեց ՀՖՖ մամուլի խոսնակը, մեր հավաքականի մարզումներն անցկացվում են Հանրապետական մարզադաշտում, օրական 1 անգամ... Իսկ Ռուսաստանի հավաքականը Երևան կժամանի այսօր` մարտի 25-ին, ժամը 12:00-ին:

ՈՒզում եմ մեր հավաքականին հաջողություն մաղթել, բոլոր ֆուտբոլասերներին էլ` հետաքրքիր, գեղեցիկ, ակնկալիքներն արդարացնող խաղ...

ՀԳ - ՈՒ թող ոչ մի դեպքում չկրկնվի 1999թ. սեպտեմբերի 4-ի պատմությունը...

Օրվա կադրը`


Հանցանքի վայրը` Կիևյան փողոց =)

24.03.2011

Հայ տղաների` հարաբերությունների լրջացումից խուսափելու համատարած խնդիրը կամ ամուսնաֆոբիա...


  Երկու «սիրահարված աղավնիներ» արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում են, և այնքա՜ն են տարվել իրենց սիրով, որ ուզում են ուղղակի սիրել... Իսկ հետո՞... Ի՞նչ է լինելու հետո, ինչո՞վ է ավարտվելու նրանց` միգուցե հերթական, միգուցե` միակ love story-ն... Ինչ խոսք, աշխարհիս երեսին չկա ավելի ճիշտ, մաքուր, փափուկ, տաք ու վառ երևույթ, քան ամբողջ հոգով ու սրտով սիրելն ու ներկա օրով ապրելը, ՄԻՄՅԱՆՑՈՎ ապրելը...
Բայց դա բոլորովին էլ այն չէ, ինչի մասին հիմա կցանկանայի խոսել... /Իսկ դրա մասին` հետո/




  Այսպես... Դու վայելում ես քո սիրած էակին, նրա տածած քնքշությունն ու ուշադրությունը քո հանդեպ, զգացմունքների մի գունավոր դրական շարք, բայց /մանավանդ հայ իրականության մեջ/ քեզ հուզում է մի հարց` ինչու՞ քեզ այդպես խենթի պես սիրող տղան չի ուզում լրջացնել ձեր հարաբերությունները... ՈՒ քանի որ մենք` հայերս, այդ առումով համեմատաբար ավելի համբերատար ենք, սպասում ենք այնքան, մինչև որ մեր պոզիտիվ էներգիան սկսում է սպառվել... Հետո դու սկսում ես մտածել, թե գիտես` ինչու է նա խուսափում այդ թեմայից, ինչու ոչ մի քայլ չի ձեռնարկում, որը ևս մեկ անգամ կապացուցեր նրա զգացմունքները քո հանդեպ և ավելի մեծ ուժ ու ցանկություն կտար քեզ` սիրելու քո սրտի տիրակալին...

Այս հարցին ամենաողջամիտ բացատրությունը տվել է գրող Մայքլ Ջենը, որը մասնավորապես ասել է.
Որպես տղամարդ, ես կարող եմ ասել, որ այդ վիրավորական մեղադրանքը պարզապես ենթադրություն է և ոչինչ ավելի: Իհարկե, մենք վախկոտի մեկն ենք։ Մենք վախենում ենք ինչ-որ մեկին նվիրվելուց։ Բայց լսիր, գուցե ես կարողանամ օգնել քեզ հասկանալու, թե ինչու ենք մենք այդքան դանդաղում, երբ խոսքը լուրջ հարաբերությունների մասին է, նույնիսկ այն դեպքերում, երբ ինքնամոռաց սիրահարված ենք։


Նախ սկսենք սկզբից: Դու պետք է սկսես հասկանալ, թե ինչ է նշանակում տեսքի գիժ լինելը։ Երբ ես 10 տարեկան էի, իմ հայրը ինձ տարավ իր աշխատավայր` Ամանորի երեկույթին։ Նա խոստացել էր, որ Ձմեռ պապին անպայման կգա և նվերներ կբերի։ Երեկույթի ժամանակ, կյանքումս ամենամեծ` նվերների կույտը տեսա՝ տարբեր չափերի ու ձևերի արկղեր, յուրաքանչյուրը` փայլուն թղթի մեջ փաթեթավորված։ Հետո ասացին, որ բոլոր երեխաները մեկական նվեր ընտրեն ու վերադառնան իրենց սեղանների մոտ։ Ես սարսափած էի։ Ո՞րն ընտրեմ։ Իսկ եթե վատ նվեր ընտրե՞մ։ Ինչո՞ւ չենք կարող սկզբից բացել նվերներն ու հետո որոշել։ Ո՞ւմ հիմար միտքն էր սա։




Գեղեցկության հետևից ընկնողները...



Տաս տարի անց սկսվեցին իմ առաջին ժամադրությունները: Երբ մի բան նոր է, մենք` տղամարդիկ, միայն փայփլուն փաթեթավորումն ենք նկատում։ Մեզ շլացնում է ձեր ժպիտը, մազերը, հագուստը, պարանոցի աննկարագրելի, գայթակղիչ բույրը։ Սակայն մեջինի, այսպես ասած, պարունակության մասին, գրեթե ոչինչ չգիտենք։


Եթե շատ նեղ բլուզով տղա է անցնում, մեկ րոպեի ընթացքում էլ կարելի է եզրակացնել, որ նա անասունի մեկն է։ Բայց երբ գեղեցիկ աղջիկ է անցնում ... մի րոպե։ Մի ամիս հետո, մենք դեռ գեղեցիկից այն կողմ, բան չենք նկատել, բայց արդեն ծանոթացել ենք նրա ծնողների հետ։


Այլ կերպ ասած, մենք ուզում ենք դանդաղ շարժվել ... շաաաատ դանդաղ, որ ժամանակ լինի` ձեզ իսկապես լավ ճանաչելու։


Բաժանվելու վախը..


Լուրջ հարաբերությունները ձգձգելու այլ պատճառ էլ կա: Մենք ծանր ենք տանում անհաջողությունը։ Մենք ձեր պես օժանդակող, վերականգնող համակարգ չունենք։ Օրինակ` ընկերուհիներիցս մեկը վերջերս գնացել մի երեկույթի, որտեղ հավաքվել էին 30 կին` իրենց լքված ընկերուհուն զվարճացնելու։


Իսկ հիմա, նույն տարբերակը տղամարդկանց դեպքում. «Սառա Մարշալ» ֆիլմում մի դրվագ կա, որտեղ գլխավոր հերոսը կանգնած է խոհանոցում, հեկեկալով վառում է իր նախկին ընկերուհու լուսանկարները։ Ահա թե որտեղ է տղամարդկանց օժանդակող համակարգը: Մենք ընկճվում ենք, ու ինքներս մեզ ասում, որ մեղկալու բան ենք, դրա համար էլ չենք ուզում` սա մեզ հետ պատահի։


Ու հատկանշական է. երբ տղամարդը հարաբերությունների մեջ է մտնում, նրա օժանդակող համակարգը է՛լ ավելի է թուլանում։ Նա ավելի ուշ-ուշ է հանդիպում իր ընկերներին, այնքան է խորանում քո կյանքի մեջ, որ սեփականն է կորցնում։ Արդեն ավելի խոցելի է զգում իրեն, և լուրջ հարաբերության գնում է ճիշտ այնպես, ինչպես ծովում խեղդվող մարդն է լողում դեպի ափ:


Ինչպե՞ս անել, որ տղան իրեն այնքան վստահ և ուժեղ զգա, որ համաձայնի այդ քայլին։ Պարզապես եղիր հոյակապ ընկերուհի, այն տեսակից, որը ողջունում է տղայի ընկերական կապերը։ Նույնիսկ պնդիր, որ նա պահպանի դրանք։ Եվ ժամանակ տուր նրան` բացահայտել քեզ։ Թույլ տուր, որ գեղեցկությունից զատ, արժանիքներդ էլ տեսնի, ու հասկանա, թե ինչ երջանկություն է քեզ հետ լինելը...


thx, Michael & Cosmo

23.03.2011

В моей жизни НЕТ РАСИЗМА!


 

Афроамериканец заходит в кафе рано утром и понимает, что он там единственный с темным цветом кожи.
Он садится за столик, а мужчина сзади него замечает: "Цветным сюда вход запрещен!"...
Афроамериканец встает, поворачивается и говорит: "Когда я родился, я был черным; я был черным, пока я рос; когда я болен, я тоже черного цвета; когда я сгорю на солнце - я черного цвета; когда я замерзну - я черного цвета и когда я умру, я тоже буду все еще черного цвета... А вы, сэр.. Когда вы родились, вы были розового цвета, когда вы больны, вы зеленого цвета, когда вы на солнце, выкрасного цвета, когда вы мерзнете, вы синего цвета, а когда вы умрете, вы будетефиолетового цвета.. И вы еще имеет
е право называть меня цветным?!" Чернокожий сел на свое место, а белый вышел из кафе...




P.S. В моей "цветной" жизни нет расизма!!!

P.P.S. Помести это у себя, если ты тоже против расизма и защищаешь права всех граждан этого мира!

22.03.2011

Ամենամյա Նոորուզյան հիստերիա կամ հայերի հերթական դժգոհության պատճառը...

Օրվա ընթացքում ամենաշատը հնչեցված/լսված/օգտագործված բառը` «ՊԱՐՍԻԿ»...



«Պարսիկն է տիրում քաղաքում...»
«Աաաա... ինչ մի ՍԱՂ քաղաքը լցվել են պարսիկները»
«Այսօր ՀայասԴանը ՀայասԴան չէ, ԲարսԳասԴան է, հե-հե...» /տափակ պարսկահայ էր գրողը/
«Քաղաքում պարսից արշավանքա»... 
ՈՒ լիքը այլ տափակ ստատուսներով էին լցված սոց-ցանցերն այսօր, /արդեն երեկ` մարտի 21-ին/...
ՈՒզում էի մի ռեյթինգային պոստ գրել, բայց իմաստ չեմ տեսնում... ՈՒստի կսահմանափակվեմ կարճ խորհրդով/դժգոհությամբ...
Նորից ու նորից զարմանում եմ ազգիս վրա...
Ա՛յ հայեր ջան, ախր ինչի՞ց եք էդքան դժգոհում... Չէ՞ որ մենք դրանից միայն շահում ենք...

Բայց եկեք, все таки, տեսնենք, թե ինչ օգուտ կամ վնաս ենք կրում մենք ու իրենք... Մեր տուրիզմի ոլորտում գոնե մի փոքր կանաչ լույս է նկատվում /գոնե ժամանակավոր (էլի ուրախացնող է)/, մեր «համեստ» բյուջեն մի քիչ էլ է լցվում, ու վերջապես` քաղաքումս մի հաճելի աժոտաժ է նկատվում, շարժ կա, մի տեսակ խառը շունչ ու կյանք կա. մարդիկ ավելի շատ են ու տարբեր /հոգնում եմ նույնատիպ, հիմնականում` դուդուկոտ դեմքերից/... ՈՒ ՈՉ ՄԻ ՎՆԱՍ ՉԵՆՔ ԿՐՈՒՄ!

Իսկ իրենք իրենց ամենասիրված տոներից մեկն (Նավրուզ կամ Նոորուզ կամ Նաուրիզ) են նշում հենց մեզ մոտ /ի՞նչ կա որ, միայն ուրախալի է/, մեր երկրում գումար են ծախսում, մեր վաճառականների կողմից մի քիչ խաբնվում /Նավրուզը հայ վաճառականների սիրված տոներից մեկն էլ է :)/, բայց մեկա էլի հաջորդ տարի էստեղ են գալիս :)

Տեսնու՞մ եք` դժգոհելու ոչ մի պատճառ չունենք... Իսկ նրանց, ովքեր նեղվում են, որ ինչ-որ պարսիկներ եկել, իրենց քաղաքի օդն են շնչում, խորհուրդ կտամ զինվել համբերությամբ ու մի կերպ դիմանալ էդ տՌագեՁիային...


ՀԳ - Այսօր իմ սիրելի զբաղմունքներից մեկին` քաղաքովս զբոսնելուն, ընկերուհուս հետ 2 ժամ ենք հատկացրել, ու ավելի ուրախ է անցել, քան անցնում էր միշտ...


ՀՀԳ - Թող ձեզ ուրիշ հարց մտահոգի` քաղաքս տխմարաշեն է դարձել. Ազատության Հրապարակում էդ էմոյատիպ երևույթները, որ ապագա սերունդ են կոչվում, օր օրի շատանում են, սա է ռեալ խնդիր, ոչ թե Չհայերի շատ երևալը Երևանում, որն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում /ցավոք/...


20.03.2011

Նոր կյանք կամ իմ երջանկության «մեղավորներից» մեկը...

 ...Իսկ ո՞րն է մեր ապրելու իմաստը, ինչու՞ ենք մենք ապրում...

-Ապրում ենք, որ ուտենք, ապրում ենք, որ երգենք, որ պարենք, ապրում ենք, որ ուրախանանք, ապրում ենք, որ սիրենք, ապրում ենք, որ մակաբույծի պես խժռենք մեր կողքիններին, ապրում ենք, որ երջանկացնենք մեր կողքիններին և այլն, այս շարքը կարելի է շարունակել անվերջ...

Այ, օրինակ, չգիտեմ, թե ինչու եմ ապրում ես...


Բայց այսօր ես անչա՜փ ուրախ եմ, այսօր ես երջանիկ եմ. այսօր լրանում է 5-րդ ամիսը, ինչ ես հորաքույր եմ դարձել, իմ փոքրիկ հրաշքի ծննդյան 5-րդ ամիսն է լրանում, ու մի լաաա՜վ նշելու ենք, ոնց որ ամեն ամիս =)




Այդ օրը` 20.10.2010 /ինչ էլ գոլդ թիվ ա :)/, միշտ վառ ու գունավոր փայլում ա իմ հիշողության մեջ... Ահա կարճ պատմությունը...

2 օր աչք չէի փակել, ու այդ օրը` հոկտեմբերի 20-ին երեկոյան 7-ին պառկել էի... Մոտ 21:00-ն էր, քնած էի... Մամաս ննջասենյակիս դուռը բացեց, ու ինձ արթնացրեց ոչ սովորականի պես /միշտ «կամաց-կամաց» էր արթնացնում/, ասեց.

- Նաի՛Ռ, վե՛ր կաց, գնում ենք հիվանդանոց...

Միանգամից նստեցի տեղումս... Միանգամից ուշքս եկավ տեղը... Ու էդ պահին դուք չեք պատկերացնում` իմ աչքերի փայլը, ԵՍ ՀՈՔՈՒՐ էի դառնում...
Արագ հագնվեցի, դուրս եկա սենյակիցս, ու ի՜նչ հավեսով խառնված էին բոլորը ))
Օգնեցի Լյուսկային /եղբորս կնոջը/ իջնել աստիճաններով, մինչ ապերս մեքենան էր պատրաստում...

Բոլորով գնացին, ես մնացի պուճուր ապերիս հետ, տանը... Տեղս չէի գտնում... Չգիտեի` ինչ անել, բոլորին հասցնել սպասված լուրը, թե, все таки, սպասել պուճուրս ծնվեր, հետո... Ակամա արցունքներս գնում էին... Ա՜յ դրանք ուրախության արցունքներ էին, ԻՍԿԱԿԱ՜Ն ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ...

Չգիտեմ էլ, թե ոնց, որտեղից, երբ, բայց մի քանի րոպե հետո արդեն շատերը իմացան, ու տանը լիքը մարդ հավաքվեց... Էլ չէի դիմանում, զանգեցի, մյուս եղբայրս /հարուստ մարդ եմ. 3 եղբայր ունեմ! =P/ եկավ իմ հետևից...

ՈՒխխ, ի՜նչ օր էր... Հասանք հիվանդանոց, ում ասես չհանդիպեցի բակում :))
/ՈՒմ որ գրկել, պաչել եմ ու չեմ հիշում, թող իմանա, որ չեմ հիշում :))/

Քիչ հետո ներքև իջավ մեծ եղբայրս` հայր դարձած... Աստվա՜ծ իմ... Հիշում եմ Խաչիս երջանիկ դեմքը ու մեր` բոլորիս ժպիտներն ու արցունքները, երբ ծնվեց մեր հրեշտակը... Սա մի աներևակայելի երևույթ էր... Սա նոր կյանք էր... իմ հրաշքը` Արմենչոս էր ծնվել...
ՈՒ ես տեսա, թե ոնց ա իմ եղբայրը հզորանում, հասկանում, որ արդեն ունի ՄԵԿ ընկեր, ՄԵԿ եղբայր ու ՄԵԿ ամենինչ...էդ փոքրիկին...

Այսօր արդեն 5 ամսական դարձավ էդ հրաշքը, որը այնքան նոր երջանիկ, ուրախ պահեր ա պարգևել մեզ բոլորիս, էնքան նոր ուրախություն ա մցրել մեր տուն, ու ես երջանիկ եմ...


ՀԳ Բոլորիդ եմ մաղթում զգալ ու ապրել այն, ինչ ես եմ ապրում :)



Հայաստանի ԵվրԱվիժումը ժամանկից շուտ...

Միշտ փորձել եմ չանրադառնալ այս հարցին, բայց կարդացի Էմմիի նակամը` ուղղված իր հանդիսատեսին, ու չկարողացա լռել, էլ չի ստացվում...
ԲՈՒԱՀկալի ա, որ ամեն տարի յուրաքանչյուր իրեն երևակայող ԱՍՏՂ /աստղերը միայն վերևում են/ որոշում ա, որ ինքը բոլորից լավն ա, ու որ ավելի ա արժանի մասնակցել Եվրոտեսլիլն, քան արդեն ընտրված մասնակիցը...Ախր ամեն տարի է՜...

Ընտրվեց մասնակիցը, վե՜րջ, եվրատեսլիյան քննարկումները սկսվում են, ու ով չի ալարում, անպայման իր «հեղինակավոր» կարծիքն ա արտահայտում, ու դա հերիք չի, դեռ մի բան էլ փորձում ա անպայման ուրիշի վզին փաթաթել դա... Ախր շա՜տ քմահաճն ենք է ազգովի. սիրում ենք ոտքի եղունգներից մինչև մազերի ծայրը քննարկել, քննադատել, մերը պնդել, լուծումներ առաջարկել...մի խոսքով` հարամ անել: Երգիչը դեռ ոչինչ, բա երգը...Ախր չեմ հասկանում` ինչ երգ պիտի լինի, որ իմ մեգապահանջկոտ ազգը գոհ մնա. ռաբիզ չեն սիրում, դասական չեն սիրում, ռոք ու մելանխոլիկ երգեր չեն սիրում...Բա լավ, բա էս ազգս ի՞նչ ա սիրում լսել... Չէ՛, էն, որ ասված ա, որ «խալխի» ամեն ինչը լավն ա միշտ թվում, լրիվ մեր ազգի համար ա ասված. ամենաշատը մեզ մոտ ա արմատացած...


Էէ, դե սիրում եմ էլի ազգս, չէ՛, գժվում եմ ազգիս համար: Էս գերխնդիր դարձած հարցերի քննարկումներին կողքից նայողը կմտածի «ամա՜ն, աս ինչ «մտածող» ու քաղաքակիրթ ազգ մԸն է հայուն ազգը. չունի ո՛չ դարդ, ո՛չ ցավ, դրած աԶեՌական երգն ա պՌոպագանդում ու PR-ում»... Բա չգիտեի՞ք, որ մենք ազգովի հումանիստ ենք, չէ՛, ի՞նչ հումանիստ, մենք ամենաներողամի՜տ, տոլեՌա՜նտ, քաղաքակի՜րթ, ազգ ու սահման չճանաչո՜ղ, թշնամի չունեցո՜ղ, գլոբալիզացիայի պոչը բռնած ու այլ մոդայիկ տափակ եվրոպական բառեր սիրող-հարգող մի փափուկ ազգ ենք, ու հալալ ա մեզ... բա ամոթ չէր լինի՞, եթե մեր եվՌԱռեմոնտապատուհանամտածողությամբ ազգը հանկարծ չլսեր աԶեՌական ու թուրքական երգեր, չներբեՌներ հեռախոսների մեջ դրանք ու դրանց տակ մի լաաա՜վ չտժժար...ՈՒ դա հերիք չի, մի բան էլ մեր ներկայացուցչին ու երգին ամեն տեսակի անուն ենք պիտակում, հետո էլ, все таки, ընկերներից հետ չմնալու համար սկսում share անել նրա եվՌատեսիլյան երգը...

ՈՒ քանի որ մենք շա՜տ ներողամիտ ու հիշողությունից էլ բավականին թույլ մի ազգացիա ենք, մենք անպայման կմոռանանք հայ-աԶեՌական սահմանի վրա զոհված ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ, կմոռանանք, թե ինչպես են նրանք մերոնց ելույթն անջատում բոլոր իրենց հեռուստաալիքներում ու Հայաստանի օգտին քվեարկողներին էլ քրեական պատասխանատվության կանչում... ՈՒ քանի որ մեր մտածելակերպը նորաձև ա` հումանիստական նոր մոտիվներով, անպայման արդարանում ենք`ասելով` ի՞նչ կապ ունի հայ-աԶեՌական հակամարտությունը երաժշտության հետ. երաժշտությունը սահմաններ չի՜ ճանաչում...


Ամա՜ն, օ՜ իմ արվեստասեր ազգ...բա էդ սահմաններ չճանաչելը միայն մեր` հայերիս համար ա՞, հանդուրժողականությունը միայն մեզ համար ա՞... Ախր, գրո՜ղը տանի, այսքան տարվա ընթացքում ընդամենը 1 տոլեՌանտ աԶեՌի եմ հանդիպել, այն էլ գրողի ծոցն ուղղարկեցին նրան` դաս տալով մյուսներին /երևի մենք էլ սկսենք կիրառել այս մեթոդը/... Կամ մենք` հայերս, միայն ադրբեջանցու հանդեպ պիտի հանդուրժող ու քաղաքավարի լինե՞նք, բա հայը հայի հետ ո՞նց պիտի լինի...Հա՛, իհա՛րկե, ադրբեջանցու հետ ախպերություն անենք, երկրի ներսում էլ իրար միս ուտենք... Վայ, Նաի՞Ռ, էս ինչե՞ր ես խոսում, ախր սա ընդամենը ամենամյա երգի մրցույթ ա... Ախր բա որ էդպես ա /ու էդպես ա/, ինչի՞ եք բանուգործ թողած` Հայաստանի ու ադրբեջանի երգերի միջև համեմատականներ անցկացնում, ու ինչի՞ եք ամեն ինչ էս աստիճանի բարդացնում... Լավ, հասկացանք, որ ճաշակ ու կարծիք արտահայտելու իրավունք ունեք, բայց կարելի ա, չէ՞, դա այնպես անել, որ էս տեղեկատվական պատերազմի դարաշրջանում, երբ մեր ասած ամեն մի բառը, մեր կողմից գրված ամեն մի լավ կամ վատ խոսքը կարող ա հենց մեր դեմ օգտագործվել ու թշնամուն վեր-վեր թռչելու հերթական առիթ տալ:
Ես հիմա հիասթափված եմ էս ողջ հասարակական-քաղաքական-շոուբիզնեսյան անդուր աժոտաժից, ու ինձ համար մեկ ա, թե ոնց ու ինչ երգով ենք եվրավիժելու այս տարի /իսկ իրականում էդ օրը հայաստանի ու մեր դրոշը բարձրացնելու համար ինձ կոտորելու եմ/, բայց եկեք միավորվենք ու քիչ Հայաստանի անունը գետնով տանք... Ի վերջո, ձեր հայրենքին ա, գրո՛ղը տանի, «խալխինը» չի...

ՀԳ`http://tert.am/am/news/2011/03/08/emmi/ 
Էս մարդը շատ կիրթ ու հանգիստ ձեզ պատասխանում ա, հերի՛ք եղավ

16.03.2011

90 տարի անց...


Երևի բլորը հասցրին իմանալ, որ այսօր հայ երիտասարդ ակտիվիստները երթ էին կազմակերպել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, հայտնել իրենց դժգոհությունը, վերջում էլ նամակը թողնելով դեսպանատան դիմաց` դագաղի վրա` հեռացել... Այսօր բոլորին հուզում էր մեկ կարևոր քաղաքական իրադարձություն` Ռ.Թ Էրդողանի այցը Մոսկվա... Ինչու՞ հենց այսօր նա պետք է այցելեր Մոսկվա... 


Մինչ Ր. Հովհաննիսյանը ՀՀ դրոշի կողքին նստած, գրավիչ ժպիտը դեմքին չալաղաջի մասին է մտորում մեր Ազատության Հրապարակում, Տեր-Պետրոսյանը` վաղվա հերթական անմիտ հանրահավաքի մասին, Պրն. Նախագահը կրկին խորհրդարանական ընտրություններից առաջ խառնվել է իրար, եկեք մենք մի պահ ետ գնանք ուղիղ 90 տարով ու հասկանանք, թե ինչ է կատարվում այժմ Մոսկվայում... Ի՞նչ կարևոր իրադարձություններ էին պտտվում 90 տարի առաջ Հայաստանի գլխին` Հայաստանի կամքից անկախ...


Իրար էին խառնվել 2 հրեշներ` Աթաթուրքն ու Լենինը... Աթաթուրքը ձգտում էր իսլամական կամ համաթուրանական պետություն կառուցել, Վ.Ի. Լենինն էլ երազում էր համաշխարհային սոցիալիստական հեղափոխությունը արտահանել ամբողջ աշխարհով մեկ...
Արևմուտքում այդ փորձը ձախողվել էր, և այժմ պաշտոնական Մոսկվան ձգտում էր Թուրքիայի վրայով սոցիալիստական հեղափոխությունը արտահանել դեպի Արևելք, դեպի Հնդկաստան.,..
Եվ ահա 2-ն էլ, այդպիսի մոլեռանդ գաղափարականներ լինելով, ակամայից իրար դաշնակից դարձան, որովհետև երկուսն էլ իբր պայքարում էին միջազգային իմպերիալիզմի դեմ. Լենինը կռվում էր քաղաքացիական պատերազմում Արևմուտքում` Խորհրդային իշխանությունը տապալել փորձող ուժեր դեմ, Աթաթուրքը Արևելքում կռվում էր իմպերիալիստական հորջորջված խեղճ Հունաստանի դեմ, որին դարերով տիրել, ստրկացրել էր, արյունը խմել էր, հիմա էլ ուզում էր Թուրքիա կառուցել ու Հունաստանի դեմ պայքար էր մղում... Ահա այն ժամանակ դեռ մինչև Մոսկվայի պայմանագիրը Վ.Ի.Լենինը իր մերձավորագույն դաշնակիցներից մեկին` իր զինակից Միխայիլ Ֆրունզեին, որը հետագայում հայտնի էր որպես խորհրդային խոշոր զորավար, ուղղարկել էր Անգոլա մարտի 16-ից բավական ժամանակ առաջ նրա հետ բանակցություններ վարելու... Մենք գիտենք, որ այդ բանակցությունները տեղի ունեցան, և Խորհրդային բոլշևիկյան Ռուսաստանը այդ ժամանակ Ֆրունզեի կնքած միջազգային այդ պայմանագրի համաձայն Քեմալական Թուրքիային տրամադրեց 1 մլն. ռազմական համազգեստ /կարմիր կոմուն. համազգեստ/, 1 մլն. հրացաններ` տասնյակ միլիոնավոր փամփուշտներով, 400 «Մակսիմ» տիպի գնդացիր, եթե չեմ սխալվում` 2 հրետանային դիվիզիա, և այդ ամբողջ զենքը, որն իբր քեմալական Թուրքիան պիտի օգտագործեր իմպերիալիստների դեմ պայքարելու համար /ի դեմս խեղճ ու կրակ Հունաստանի/, ուղղեց այնժամ դեռևս անկախ Հայաստանի դեմ... Կարմիր կոմունայականները 1920-ի սեպտեմբերին /դեռ մինչև Հայաստանի խորհրդայնացումը/«բռնեցին» ռուսական զենքով զինվեցին ու հարձակվեցին Հայաստանի վրա... Բոլորս էլ գիտենք, թե ինչ կատարվեց... Նրանք գրավեցին մինչև Գյումրին, տասնյակ հազարավոր հայերի արյուն թափվեց նույն ռուսական զենքերի «միջոցով»... ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔՈՎ! Սա պատմական փաստ է...
Եվ ահա, երբ որ մարտի 11-ին այս երկու պետությունների բանակցող կողմերը Մոսկվայում հանդիպեցին, նրանք որոշեցին օրինական տեսք տալ իրենց «հակաիմպերիալիստական եղբայրությանը»... Եվ հենց այդ ժամանակ էլ ստորագրեցին այդ պայմանագիրը...
Ի դեպ, պատմաբաններն ասում են, որ իրականում այդ պայմանագիրը ստորագրվել է ոչ թե մարտի 16-ին, այլ մարտի 13-ին, բայց պատմության մեջ մտել է որպես մարտի 16-ին ստորագրված պայմանագիր, ինչևէ, սա կարևոր չէ... Բայց այդ` մարտի 16-ի պայմանագիրը ինձ հուզում է, որովհետև դրանով երկու գիշատիչներն իրար մեջ բաժանեցին այդ բանակցություններին որևէ պատվիրակ չունեցող Հայաստանի տարածքը... 
Ո՞վ պետք է Հայաստանից կարծիք հարցներ... Նստեցին, միասին գծեցին Ռուսաստան-Թուրքիա սահմանագիծ, որը պետք է անցներ Ախուրյան ու Արաքս գետերով... Եվ այդ պայմանագրի հիման վրա կողմերը պայմանավորվեցին, որ Ադրբեջանին պետք է տրվի Հայաստանի Նախիջևան մարզը /որպես ինքնավար հանրապետություն Ադրբեջանի կազմում (ինչու՞ Ադրբեջանի, որովհետև դրանք թուրքերի եղբայրացուներն էին, Մոսկվայում պաշտպանվում էին նրանց շահերը)/, ինչպես նաև այն, որ ԼՂ-ն պետք է մտնի Ադրբեջանի կազմ...
Հմ... Հայաստանից շունչ անգամ ներկա չէր բանակցություններին, իսկ այդ շները Հայաստանի ճակատագիրն էին որոշում... Համաշխարհային պատմության մեջ ավելի անամոթ, խայտառակ ու ապօրինի պայմանագիր ինձ հայտնի չէ, և ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը դրան ներկա չէր, այլև` ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին /միջազգայնորեն ընդունված պետություններ չէին/, ուստի սա կրկնակի ապօրինություն էր...
Ինչևէ,  ապօրինի, թե ոչ ապօրինի` պայմանագիրը կնքվեց, Հայաստանի տարածքն իրար մեջ բաժանեցին, Հայաստանի` Լևոն Շանթի գլխավորած  պատվիրակությանը անգամ չբարեհաճեցին հրավիրել գոնե ձևականորեն նրա կարծիքը հարցնելու... Եվ այս ամենը ԻՆՉՈՒ՞... Որովհետև այն ժամանակ Հայաստանում արդեն տապալված էր Խորհրդային Իշխանությունը... /Խորհրդային իշխանությունը Հայաստանում տարածվել էր 1920թ. նոյեմբերի 29-ին, իսկ 1921թ. փետրվարի 18-ի համաժողովրդական ապստամբության ժամանակ բոլշևիկյան իշխանությունը Հայաստանում տապալված էր/...
Եվ ահա այս երկու գիշատիչները իրար մեջ բաժանեցին «թշնամական» Հայաստանի տարածքը... Մանավանդ, որ Քեմալ Աթաթուրքի պատվիրակները Լենինին հավատացրել էին, թե իրենք էլ են սոցիալիստներ, սոցիալիզմ են կառուցում... Նրանց միշտ հաջողվել է գույները փոխել մեծ արագությամբ, կարևորը իրենց շահն է /շահ` Հայաստանի տարածքների հաշվին/...
Դե, Լենինն էլ իրեն ապուշի տեղ դրեց, կարծես չէր հասկանում, որ խորհրդային կարգերի տապալումը Հայաստանում ժամանակավոր երևույթ է, և միևնույն է խորհրդային բանակը պիտի գար ու վերականգներ այն, ինչպես դա իսկապես եղավ 1921թ. ապրիլի 3-ին... Բայց պայմանագիրն արդեն կնքված էր ու Հայաստանի տարածքն էլ բաժանված էր...
Գիտակցելով այն, որ դա միջազգային իրավունքի տեսակետից ոչ մի քննության չի դիմանա, 1921թ հոկտեմբերի 13-ի կնքվեց Կարսի պայմանագիրը, որի տակ արդեն դրված էր այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչ Ասքանազ Մռավյանի ստորագրությունը...


Եթե ուշադիր կարդանք այս երկու` Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, կհասկանանք, որ Խորհրդային Ռուսաստանը Թուրքիային զիջեց այնպիսի տարածքներ, որոնք երբևէ Թուրքիայի վերահսկողության տակ չեն եղել /այդ թվում մեր Իգդիրը, մեր Սուրմալույի ամբողջ գավառը/... ՈՒզում եմ բոլորի ուշադրությունը գրավել նրանում, որ երբ ջերմացել են Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, ՄԵՆՔ ենք տուժել... Միշտ մեր հաշվին իրար լավություն են արել... Սա է նրանց բարոյականությունը, բայց նրանց մեղադրել չենք կարող. քաղաքականության մեջ յուրաքանչյուրն էլ իր շահի համար է պայքարում... ԻՍԿ Ի՞ՆՉ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ...

Եթե կարդաք Մեհմեդ Փերինչեքի /թուրք վերլուծաբան/ վերջին հրապարակումը, մասնավորապես կնկատեք այս խոսքերը. «Ռուսաստանն ու Թուրքիան միշտ պատմականորեն մրցակցել են իրար հետ և՛ Անդրկովկասյան, և՛ Կովկասյան, և՛ Ղրիմի ճակատներում, բայց միշտ չի եղել, որ նրանք թշնամիներ են եղել, նրանք նաև բարեկամության հրաշալի օրեր են ունեցել...», և հենց այդտեղ մասնավորապես նշում է մարտի 16-ի պայմանագիրը... Հիշեցնում էր նաև, որ եղել են այնպիսի երջանիկ ժամանակներ, որ Թուրքիան և Ռուսաստանը բարեկամներ են եղել... Դե հա, եղել են, բոլորն էլ գիտեն... Բայց Փերինչեքի փորացավը, իհարկե, այդ պայմանագիրը չէր. նա մտահոգված էր այն հեռանկարով, որ այսօր էլ Թուրքիայի գլխին ամպեր են կուտակվել, ու հուշում էր իր ղեկավարությանը կրկին Մոսկվայի օգնությանը ձեռքները գցելը...
Չգիտեմ` Փերինչեքի հուշումը օգնեց, թե ոչ, բայց երեկվանից` մարտի 15-ից Մոսկվա էր ժամանել Թուրքիայի պատվիրակությունը` Էրդողանի գլխավորությամբ...  Այսօր` Մարտի 16-ին այդ պատվիրակությունը կրկին Մոսկվայում է և կրկին շարունակում է բանակցությունները /տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ևս/...
Մի՞թե ինչ-որ մեկը հավատում է, թե Էրդողանն այնքան է իր հիշողությունը կորցրել, որ մոռացել է այդ պատմական փաստը... Իհարկե ոչ, ու ես չեմ հավատում, որ մարտի 15-ից Մոսկվա է մեկնել 16-ից բանակցությունները սկսելու նպատակով... Պարզապես նրա այցը հենց այս օրը խորհրդանշական ժեստ է` ուղղված Մոսկվային, թե ինչպես 90 տարի առաջ մենք բարեկամ դարձանք, հիմա էլ եկեք բարեկամանանք...
Ի՞նչ հայցով է գնացել Մոսկվա Էրդողանը... Նախ` նա ասում է, թե կհամաձայնի, որպեսզի Թուրքիայում ատոմակայան կառուցելու միջազգային մրցույթում հաղթի ռուսական կողմը /իսկ այդ պատվերը բազմամիլիարդանոց պատվեր է/... Երկրորդ` հասկացնում է, որ ինքը կնպաստի, որպեսզի ռուսական գազը Թուրքիայի վրայով արտահանվի դեպի Եվրոպա... Հնարավոր է, որ այդ երկու ծրագրերն էլ ահագին հետաքրքրում են Ռուսաստանին, բայց ես խորապես համոզված եմ, որ թուրքը չի կարող չխաբել. դա նրա արյան մեջ է. ինչպես Աթաթուրքը ժամանակին խաբեց Լենինին, այնպես էլ Էրդողանը կխաբի Մեդվեդևին...
Թուրքերն այս պահին կլուծեն իրենց խնդիրն ու չեն կատարի ոչ մի խոստում...հմ...թուրքական դիվանագիտությու՜ն... =)
Իսկ ո՞րն է Թուրքիայի խնդիրն այսօր... Այսօր Թուրքիան վախենում է մասնատման վտանգից. նախ` Թուրքիայի հարաբերությունները շատ վատ են Իսրայելի հետ, իսկ Իսրայելի թիկունքին կանգնած է ԱՄՆ-ի պես պետություն... Երկրորդ` այսօր Թուրքիայի առաջ իր դռները փակում է Եվրոմիությունը... 


Եվ եթե այդպես շարունակվի, Թուրքիան այլ ելք չունի, ու պետք է հայացքը հառի դեպի իսլամական Արևելք, իսլամացման վտանգ կա Թուրքիայում, և այդ վտանգն այնքան մեծ է, որ կարող է Թուրքիայի դեմ համախմբել ամբողջ հակաիսլամական աշխարհը... Գումարած դրան` Իրաքում կարող է ստեղծվել քրդական պետություն, որի ստեղծումը, բնականաբար, կոգեշնչի նաև Թուրքիայում ապրող 16-20 մլն. քրդերին, որոնք նույնպես կպահանջեն իրենց պետության ստեղծումը Թուրքիայի այսօրվա տարածքում... Այսինքն` Թուրքիան այսօր ռեալ սպառնալիքներ է տեսնում իր տարածքային ամբողջականության համար, և ու՞մ պիտի ապավինի... Իհարկե, կրկին Ռուսաստանին... Սա ռեալ մտահոգում է ինձ... Եվ Մարտի 16-ի ու Կարսի պայմանագրերը հիշատակեցի հենց այս մտավախությունից ելնելով...
Դե ինչ, սպասենք հետագա զարգացումներին, միգուցե շուտով մի լավ դիվանագետի «կարիք ունենանք»...




15.03.2011

Երեկ ընկերներիցս մեկն ինձ առաջարկեց դիտել մի հոլովակ, որն ինձ հանեց հունից... Շա՜տ-շատ  նյարդայնացնող էր, բայց ոչ անսպասելի... Չեմ ուզում պատմել հոլովակի մասին, ուզում եմ ինքներդ դիտեք ու ձեր եզրակացությունն անեք.




Սա ուղղարկեցի ընկերներիցս մի քանիսին, միտք կար նույնիսկ պատասխան ասուլիս կազմակերպելու, բայց միտքը ծագել էր էմոցիաների ազդեցության տակ... Իսկ այսօր արդեն պարզվեց, որ այդ հաստավիզը` Էլչին Ալիբեյլին, որը բացահայտորեն հայերին գող ու ստոր է անվանում, իրեն մշակութաբան որակելով համոզում, որ Վարդան Մամիկոնյանը հայոց պատմության հետ ոչ մի կապ չունի, պնդում, որ հայերը մշակույթ գողանալու հիվանդություն ունեն, սիրում են հատկապես ադրբեջանական երգեր գողանալ /մանսավորապես նա նշեց «Սարի աղջիկ» (ադրբեջանցիները ասում են «սարի գյալին») երգը/, Ադրբեջանում հայտնի հաղորդավար է, զբաղվում է հակահայկական քարոզչությամբ /ինչպես բացահայտեց ընկերներիցս մեկը, նա հաղորդում է պատրաստել «գող հայերի» մասին, կատարել «Սարի աղջիկ» ստեղծագործության խորացված հետազոտություն ու անգամ  առաջարկել է աԶեՌական օրացույցում Սարի գյալինի օր մտցնել.../:

Պարզվեց նաև, որ նա մինչև սույն թվականի փետրվարի 17-ը եղել է ադրբեջանական ATV հեռուստալիքի գլխավոր պրոդյուսերը, հետո հեռացվել իր կոլեգաներից մեկի ծննդյան խնջույքի ժամանակ տեղի ունեցած ինչ-որ միջադեպի պատճառով /համաձայն շրջանառվող լուրերի` նա այդ խնջույքի ժամանակ հարբած վիճակում ընդհատել է ռեստորանի երգչին, ով կատարում էր «Սարի գյալին» երգը, և նրանց առաջարկելով լսել երգի օրիգինալ տարբերակը, սկսել է հայերեն երգել «Սարի աղջիկ»-ը...
  Այս լուրը տարածվելուց անմիջապես հետո նրան ազատել են իր աշխատանքից... Իսկ հենց ինքը` Ալիբեյլին հերքում է այդ միջադեպը` ասելով, որ այդ ժամանակ ինքը հայտարարել է, որ հայերը գողանում են իրենց երգերն ու դա ցույց տալու համար է հայկական տարբերակից մի քառյակ ա արտասանել...

Ինչևէ, հավատալ նրա հերքումներին ու արդարացումներին, թե ոչ` ինքներդ որոշեք...

Բայց ուշադրություն դարձրեք մի կարևոր փաստի վրա ևս` այս հարցազրույցը տեղի է ունեցել այդ սկանդալից հետո /ենթադրաբար. այն youtube-ում տեղադրվել է միայն փետրվարի 23-ին/...

Աղբյուրը` ashotovichgoesdeep.blogspot.com

Բարև՛, իմ նոր բլոգ...


  Բարև՛, իմ ապագա ընթերցո՛ղ, բարև՛, իմ բլո՛գ...


  Մինչ այս գրառումներս կատարել եմ սֆաթագրքի(c) իմ էջի համապատասխան բաժնում, ապա նաև` livejournal-ում...

  Բլոգոսֆերայում փորձս մեծ չէ... 
Չնայած բլոգս միտված է ոչ թե ինչ-որ ռեյթինգային պոստերով հարստանալուն, այլ ընդամենը մտքերիս գրչին անսահմանափակ էջեր տրամադրելուն, հետևաբար նաև` ոչ թե ընդամենը շատ ընթերցող-ընկերներ ունենալուն, այլ` ինձ` որպես ընկեր ծառայելուն, ամեն դեպքում կփորձեմ լինել մաքսիմալ անկեղծ, հետաքրքիր, չձանձրացող, տարբերվող, լինել այնպիսին, ինչպիսին կամ...

  Դե ինչ, բարի գալուստ իմ հետաքրքրությունների գունավոր աշխարհ... :)

13.03.2011

Մեկ օրվա պատմություն...

Կիրակի... Ո՜նց չեմ սիրում ես այդ կիրակիները... Կիրակիի հետ կապված ոչինչ չեմ սիրում...
Նորից լուսացրի` իմանալով, որ կիրակի է, ազատ եմ, հանգստանալու եմ...
  Օրս անցկացրեցի տանը` ընտանիքիս հետ, բայց միաժամանակ` մեկուսացված բոլորից... Ինչ-որ մտքերով հայտնվել էի ինչ-որ անգույն, սահմանափակ մի տարածության մեջ... Տրամադրությունս երկու` փոքր-ինչ պարադոքսալ հնչող խոսքերով` նեյտրալ-բացասական...
  Իզուր չէ, որ չեմ սիրում պասիվ հանգիստը. խուսափում եմ մտքերիս հետ մենակ մնալուց...
  Փորձեցի ինքս ինձ շեղել. միացրի սինթեզս, սկսեցի նվագել Դայանա Քրոլլի "So nice"-ը, հետո շեղվեցի դեպի հայկականը, ու, չգիտես ինչու, միայն տխուր երգեր էի նվագում... Անջատեցի գործիքս, մի լավ հարմարվեցի (կարծես` պետք է մի քանի ժամ նույն դիրքով անշարժ մնայի), բացեցի Ռեմարկի «Երեք ընկեր»-ի 302-րդ էջը (այդտեղ էի կանգ առել նախորդ օրը) և շարունակեցի կարդալ... Ինչ-որ տխուր էր ընթացքը, հուզիչ(միայն դա էր ինձ պակասում)... Փակեցի գիրքս, դուրս եկա իմ սենյակից ու մի որոշ ժամանակ անցկացրի հարազատներիս ու մեր հյուրերի հետ...
  Մի փոքր լիցքաթափվելուց հետո նորից վերադարձա, շարունակեցի նվագել... Զգացի` ժամանակը չափից դուրս դանդաղ է ընթանում...
Միացրի համակարգիչս ու փորձեցի շփվել ընկերներիս հետ, կարծես` ստացվում էր, միայն թե ինձ իմ գունավոր կյանքում հազվադեպ ուղեկցող մռայլությունն ու տխրությունը դեռ չէին լքել ինձ...
  Սկսեցի Չարենց կարդալ, չէ՞ որ նա արժանի էր, որ բոլորս այսօր` իր ծննդյան օրը, ևս մեկ անգամ վերհիշեինք իր հիանալի ստեղծագործությունները...
  Ախր չարենցական տխրությունն էլ այնպիսին չէր, ինչպիսին լինում էր սովորաբար Չարենց կարդալիս... Զգում եմ` տանջվում եմ, չեմ կարողանում հանգստանալ, ինչ-որ ուժեր հաղթել են դեմքիս մշտական ժպիտին, իմ` որպես կանոն տանը լինելիս տան ուրախ մթնոլորտը ապահովվելուն, իմ` ընդհանրապես ուրախ լինելուն ու ընկերներիս ուրախացնելուն...ինձ էին հաղթել... Միայն մի բան զգացի, որ մինչ այդ չէի զգացել` դատարկությու՜ն... Ա՛յն էլ գարնանը, ա՛յն էլ` այսպիսի գեղեցիկ, արևոտ եղանակին, ա՛յն էլ այն դեպքում, երբ թվում էր` չունեի ոչ մի պատճառ...
  Զանգահարեցի ընկերուհուս, որը մի ամբողջ գիշեր ինձ հետ սոց-կայքում էր անցկացրել. շատ էր հոգնել, քնել էր... Իսկ ԵՍ ինչու՞ հոգնածություն չէի զգում... Չէ՛, սա ուրիշ պատասխան ունի. երևի արդեն սովորել էի հաճախ գիշերները չքնելուն...
  Ինչևէ... Շարունակեցի ընկերներիս հետ քննարկել ամենատարբեր թեմաներ` փորձելով նրանց տրամադրության վրա բացասաբար չազդել, ու կարծես ստացվեց...
  Ապա աչքի անցկացրի օրվա լրահոսը, փակեցի համակարգիչս ու նորից մեկուսացա...

 
 


  Ես ու իմ մտքերը... Գրողը նրանց տանի՛... Ինձ չհաջողվեց խուսափել այդ հանդիպումից... Ատում եմ մենակության զգացումը, երբ կողքիս (բառի բոլոր իմաստներով) այդքան շատ մարդ կա...
  Երբ այն հայտնվում էր, անկարող էին թե՛ գարունը, թե՛ իմ` էությամբ ուրախ մարդ լինելը, թե՛ ընկերներս, թե՛ երաժշտությունը, որն իմ կյանքի անբաժանելի մասնիկն է, թե՛ լավ նորությունները, ու նույնիսկ` հարազատներիս ու ընկերներիս հաջողութոյունները, որոնցով ամենաշատն եմ ուրախանում ու հպարտանում կյանքում... Մենակության զգացումը հզոր է ամեն ինչից, իսկ դրա դեմ զենքը մեկն է` սերը...
  Բայց դա ուրիշ թեմա է, ուրիշ զգացողություն, որը բոլորովին էլ չէի ապրում այսօր...
  Փորձեմ չանկեղծանալ մինչև վերջ, իմ սովորության համաձայն ներսումս թաղեմ այդ ողջ նեգատիվն ու տխուրը...
  Ընդամենը բլոգիս այսօրվա` արդեն` երկուշաբթվա էջին թողնեմ մի տխուր փաստ, որ փորձեմ երեքշաբթին սկսել սովորականի պես, ուրախ, ակտիվ, ընկերներիս ու իմ սիրելի մարդկանց հետ` պոզիտիվ միջավայրում...
  Իսկ այդ «տխուր փաստը»... Դա այն միակ երևույթն է կյանքում(չգիտեմ` երևույթ է արդյոք), որը ուղղել չի լինում. այսօր լրացավ իմ ամենասիրելի ու հարազատ մարդկանցից մեկի մահվան 40-րդ օրը...
  Քառասու՜ն օր... Քառասուն օր է, ինչ նա մեր կողքին չէ, նա էլ չկա, միայն այնտեղ է` վերևում... Իսկ իմ գլխում այդ ամենը դեռ չէր տեղավորվում, չէի ուզում հասկանալ, չէի ուզում ընդունել... Փորձում էի մեղադրել կիրակիներին ու անիծել մենակությունը, ցանկացածին մեղադրել դրանում, միայն թե չհիշել, չընդունել, որ ինձ այդքան հարազատ մարդը, այդքան բարի, ուրախ, ուժեղ, իմ արյունը, էլ չկա...
  Իմ 24-ժամյա անընդհատ տխրության, մենակության ու դատարկության զգացումների միակ պատճառը այդ սարսափելի իրակնությունն էր... ՈՒ դեռ որքա՜ն եմ տանջվելու այսօր, վաղը, ամեն անգամ նրա բացակայությունը զգալիս, ամեն տոնին, որ առանց նրա պարզապես չէր կայանում...
  Այսօր տասնյակ մարդիկ կհավաքվեն, նորից կհիշեն նրան, իսկ շուտով կանցնեն իրենց առօրյա կյանքին, հոգսերին, ուրախություններին... Իսկ նա երբեք չի վերադառնա... Կյանքն է այդպիսին...

  ՈՒզում եմ միշտ այդպիսին հիշել նրան` անհնարին թվացող այդչափ բարությամբ, միշտ ժպիտը դեմքին, հոգատար, սրտացավ...ու այնքա՜ն հարազատ...
 
  ՈՒզում եմ, որ հայրենիքիդ հողը, որի համար հերոսաբար կռվել ու հաղթանակած վերադարձել էիր, թեթև լինի շիրիմիդ...

  

Միշտ կապրես իմ սրտում...

12.03.2011

ՆԱ ԾՆՎԵՑ...

Այսօր իմ սիրելի հեղինակներից մեկի` Եղիշե Չարենցի ծննդյան օրն է...
Չեմ պատրաստվում գրել նրա կենսագրությունն ու ձանձրացնել ընթերցողիս (ցանկացողը կարող է գտնել իրեն հետաքրքրող ինֆորմացիան այստեղ` http://hy.wikisource.org/wiki/Եղիշե_Չարենց ), բայց կցանկանայի հիշատակել նրա բանաստեղծություններից մի քանիսը...
Եվ այսպես`




Գիշերն ամբողջ

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար ―
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին։

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արևանման, արնավառ խոսքի, ―

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․

Պարադոքսալ կարող է հնչել, բայց միևնույն է, սիրում եմ և՛ գիշերը, և՛ արևը... Սիրում եմ նաև այս մեկը` «Հայաստանին» վերնագրով`

Հազար ու մի վերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, - էլի՛ կը տեսնես։

...ու մնացած հայրենասիրական բանաստեղծությունները /«Հայրենիքում»,«Ես իմ անուշ Հայաստանի».../, «Երկիր Նաիրի» արձակը...

 Բայց ամենից շատ սիրում եմ նրա «Լուսամփոփի պես աղջիկ» բանաստեղծությունը, որը անձամբ ինձ համար հավերժ անմահացավ իմ լավ ընկերոջ` Վահագ Ռաշի կիթառի հնչյուններում` նրա ձայնի ուղեկցությամբ...

Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Այսօր` այս ոչ «էպիքական առավոտ»-ից սկսած, պետք է կարդանք Չարենց, լսենք այս գեղեցիկ կատարումը, զգանք ռոմանտիզմը գարնան կիրակիների...


Հ.Գ. Շնորհավորում եմ բոլորիս, որ ունեցել ենք ու յուրաքանչյուրս մեր մեջ ունենք Չարենց...
Հ.Հ.Գ. Պասիվ հանգիստը երբեմն անհրաժեշտ է. հաճելի չարենցական հանգիստ բոլրոին... =)