Բարև՛, իմ սիրելի՛ ընկեր...
Կրկին քեզ մոտ եմ եկել չլռելու :)
Հիշու՞մ ես այն «սեռաքաղցին» (c), որի մասին մենք միասին խոսեցինք, ու մեծ աղմուկ բարձրացավ մեր հասարակության բլոգասեր ու տեղեկացված շրջանում... Այ հիմա ստիպված եմ շարունակել գրառումս նույն թեմայով, այս անգամ` ավելի անմեղ «քաղց»-ով տառապող պաշտոնյայի գլխավոր դերակատարմամբ...
Հիշու՞մ եք` խոստացել էի իմանալ այդ սեռաքաղցի անունը ու հրապարակել բլոգում... Так вот, դա Արմեն Գևորգյանն էր, որը այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարի /Տիգրան Դավթյան/ խորհրդականի պաշտոնը... Եվ քանի որ այդքան «չլռելու» արդյունքում նախարարը ստիպած էր նույնպես «չլռել», նա որոշեց ազատել Արմեն Գևորգյանին իր խորհրդականի պաշտոնից: Դե, դա կարելի էր ենթադրել... Բայց բոլորս գիտենք, որ մեր երկրում վաղուց ակտուալ չեն «պաշտոնաթողություն», «պաշտոնանկություն», «պաշտոնազրկում» բառերը, փոխարենը մենք անընդհատ հանդիպում ենք «պաշտոնափոխությունների»... Եվ երկրի ընդհանուր դրությունը, բնականաբար, չի փոխվում. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Ինչպես արդեն գիտենք, ՀՀ էկոնոմիկայի նախարարի` Գևորգյանին իր խորհրդականի պաշտոնից ազատելու հրամանին հետևեց նոր հրամանը, որով վերջինս նշանակվեց Գյումրու Տեխնոպարկի տնօրենի խորհրդական... Հմմ... Փաստորեն բոլոր «չլռողները» բավարարված էին, որ իրենց խոսքը տեղ հասավ, Տիգրան Դավթյանը` ինքնաբավարարված, Արմեն Գևորգյանը` գոհ ու շնորհակալ... Չէ՞ որ եթե Տ.Դավթյանին խորհուրդներ տալու դիմաց նա վարձատրվում էր ընդամենը 150000 դրամ/ամիս, ապա հիմա, երբ խորհուրդներ է տալիս Գյումրու տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանին, նա վաստակում է 4 անգամ ավելի` 600000 դրամ... Ինչևէ, սրա մասին խոսելիս բոլորովին միտված չէի այս կամ այն պաշտոնյայի աշխատավարձը «հաշվելուն», պարզապես դա հետաքրքիր պատիժ էր, որը չէր կարող մեր աչքից վրիպել...
Հիմա անցնենք նորություններին: Եթե Արմեն Գևորգյանը իր շարժական սարքի պատճառով ստացավ նոր «պիտակ» ու «բարձրացրեց» իր աշխատավարձը, բայց մնաց նույն` խորհրդականի կարգավիճակում, ապա այս դեպքում խոսքը ոչ թե հեռախոսի, այլ iPad-ի, ոչ թե աշխատաժողովի, այլ Ազգային Ժողովի, ու ոչ թե խորհրդականի, այլ նախարարի մասին է` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, որին, ինչպես կարելի է ենթադրել, այնքան էլ չի հետաքրքրում իր աշխատավարձը, քանի որ նա պետական բյուջեի քննարկման ժամանակ ավելի հետաքրքիր զբաղմունք էր գտել...
ԱԺ-ում 2012թ. պետական բյուջեի մասին քննարկումների ժամանակ «շարիկ գլորելը», իհարկե, ավելի անմեղ զբաղմունք է, քան Գևորգյանի զբաղմունքն էր, բայց, այնուամենայնիվ, սա որքանով ծիծաղելի, կրկնակի անգամ ավելի ողբալի վիճակ է... ՈՒղղակի ցավում եմ երկրիս համար... Իրո՛ք, շա՜տ եմ ցավում...
Հ.Գ. Նախորդ գրառումը նվիրված էր Համբերատարության Միջազգային Օրվան... Եվ այնտեղ խոսվեց նրա մասին, որ այդ շնորհը մենք ոչ միշտ ենք ճիշտ օգտագործում... So, ՄԻ՛ ԵՂԵՔ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՈՒ ԼՈՒՌ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՁԵՐ ԻՍԿ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՉԼՌԵԼ!! (c) NairaKhachatryan

Комментариев нет:
Отправить комментарий