20.01.2012

Վերջին նորությունների մասին...


Բարև, բլոգ :)
Վաղուց չէինք հանդիպել, հերթը ոչ մի կերպ քեզ չէր հասնում, մյուս կողմից էլ, դե, խոստացել էի փրկել քեզ լրիվ քաղաքականացումից, իսկ 4 կողմը միայն քաղաքականություն է... Կներես, բայց ստիպված ես լսել :)
Ինչի մասին կուզենայի հիմա խոսել... Նախ` մի թեմա, որին չանրադառնալ չեմ կարող, հետո կանցնենք հաճելիին... 

Այսօր (արդեն` երեկ) լրացավ Դինքի սպանության 5-րդ տարին... 


Հիշում եմ` ինչ էր կատարվում համաշխարհային լրատվամիջոցներում, Թուրքիայում, հայության շրջանում 5 տարի առաջ... Հիշում եմ «Հրանտի ընկերներ»-ի առաջացումն ու դրա մասնակիցների թվի անկանխատեսելի արագությամբ աճելը... 


Հիշում եմ ինձ վրա դաճած «1500000+1»-ը, այդ տարիքում դրա նշանակության այլ կերպ ընկալումն ու դրա (ու ոչ միայն) հետևանք դարձած վճռականությունը` ընտրելու այն մասնագիտությունը, որը հիմա ստանում եմ...
Ճիշտ է, այն ամենը, ինչ վերաբերում է քաղաքականությանը, վաղուց դադարել է ինձ զարմացնել, բայց 2 օր առաջ, ինչպես Դինքի սպանության գործընթացին 5 տարի շարունակ մյուս հետևողները, այնպես էլ ես, անակնկալի եկա, երբ հրապարակվեց Դինքի սպանության գործով որոշումը, որում մասնավորապես ասվում է, որ գլխավոր մեղադրյալ Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել, իսկ Դինքի գործով անցնող մյուս մեղադրյալ Էրհան Թունցելն արդարացվել է սպանության գործով... Լավ, ասենք վերջինս չկարողացավ խուսափել ճաղերից, բայց 2004թ. Ստամբուլի McDonalds'-ի պայթյունը կազմակերպելու գործում ունեցած դերի համար մեղավոր ճանաչվելով /դատապարտվեց 10 տարվա ազատազրկման/... Իսկ մյու՞ս մեղադրյալները... ԱՆԱԿՆԿԱԼ` Ստամբուլի առաջին ատյանի 14-րդ դատարանը մեզ անկարող ապուշների տեղ դնելով արդարացրեց ու ազատ արձակեց մյուս մեղադրյալներին /բացի Օգյուն Սամասթից, որը 2011-ի հուլիսին (եթե չեմ սխալվում) դատապարտվել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման/: Ճիշտ է, Ֆեթիե Չեթինը արդեն խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը, բայց դա, ցավոք, անիմաստ եմ համարում... ՈՒրախ էի կարդալ թուրք հայտնի լրագրող և վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդի գրառումը Hurriyet Daily News-ում, որտեղ նա խոսում է դատավճռին հետևած արձագանքների մասին, որը գրավեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը... Կուզենայի անպայման կարդայիք`

«Դատարանը չընդունեց, որ այս սպանությունը ծրագրվել եւ իրականացվել է խմբի կողմից: Թվում է, երկու երեխա թղթախաղի ժամանակ մեկը մյուսին ասել է. «Արի գնանք Ստամբուլ եւ սպանենք այդ հային»: Նրանք թափառել են խմբագրատան մոտ, եւ հենց  հանդիպել են Դիքնին, մեկը սեղմել է ձգանը: Դատարանի այս վճռից եփած հավի ծիծաղն էլ կգա»,- գրում է Բիրանդը:
«Ինչ կարելի է ասել, երբ դատական համակարգը, որը մարդկանց ձերբակալում է  ինչ-որ պաստառների  համար կամ  երեք բողոքողներից կազմված խմբին համարում ահաբեկիչներ,  հանկարծ որոշում է, որ Դինքի սպանությունը ծրագրված չի եղել:
Պետությունը պետք է սկսի գործել: Պետք է սկսի հետաքննությունն  այն պետծառայողների նկատմամբ, ովքեր քողարկել են հանցագործներին  եւ չեն կատարել իրենց պարտավորությունները: Դինքի գործը չհետաքննված չպետք է մնա: Հրանտը դրան արժանի չէր:
Թե՞ մենք կարծում ենք,  որ նա նման վերաբերմունքի արժանի է, քանի որ հայ է»... 

Ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպես եզրափակեց Բիրանդը...
Կուզենայի նաև ընթերցողիս ուշադրությանը ներկայացնել ևս մեկ հետաքրքիր ու աղմկահարույց արձագանք թուրք լրագրողի, ու անցնել հաջորդ թեմային...

Այսպես, Թուրք հայտնի լրագրող CNNturk-ի «Չեզոք գոտի» հաղորդման հեղինակ և վարող Ահմեդ Հաքանը ինտերնետում հայերի դեմ ռասիստական հայտարարություններին ի պատասխան, ուղիղ եթերում ասել է. «Ես հայ եմ, բան ունե՞ք ասելու»։
Թուրք լրագրողը նշել է, թե իրեն շոկի մեջ է գցել այն, որ ինտերնետում մարդիկ քննադատում էին այն, որ Հրանտ Դինքին սպանելու պատճառով թուրք երիտասարդների են դատում։ «Ես այդ քննարկումներում ասացի. «Բոլորս հայ ենք» կարգախոսը և ապշեցի լպիրշ արձագանքներից։ Տեսա, որ մարդիկ դեռ հայ լինելը հայհոյանք և վիրավորանք են համարում։ Ես նրանց ասացի, որ ուղիղ եթերով եմ ասելու, որ հայ եմ։ Ինձ հարցրեցին, իսկ Երևանում կարո՞ղ եմ ասել, թե թուրք եմ։  Եթե ես Երեւանում չկարողանամ ասել, որ թուրք եմ, դա Երեւանի ամոթը կլինի, իսկ եթե Ստամբուլում ասեմ, որ հայ եմ, դա Ստամբուլի պատիվը կլինի»,-ասել է Ահմեդ Հաքանը։

Թուրք լրագրողը կատարել է խոստումը և ուղիղ եթերում ասել. «Ես հայ եմ, բան ունե՞ք ասելու»(ունենք` ապրես:)), որից հետո Tweeter-ում բազմաթիվ գովեստի խոսքերի է արժանացել... Իսկ նրան ուղղված Tweet-ներից մեկում ասվել է. «Կեցցես, Ահմեդ Հաքան, ճիշտ հաղորդում պատրաստեցիր, Բոլորս Ահմեդ Հաքան ենք»...



ՀՀ ներքին քաղաքականությունը, մեծ աղմուկ բարձրացրաձ ձերբակալությունն ու դրա ենթատեքստը նույնիսկ մեկնաբանել չեմ ուզում... 
Եվ վերջապես Եվրատեսիլի մասին... Ինչպես գիտեք(երևի), Հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը հայտ է ներկայացրել` Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին մասնակցելու համար... Նախընտրում եմ խնայել նյարդերս, մանավանդ որ 1 անգամ արդեն «բախտ է վիճակվել» խոսել այդ թեմայով ու բավականին անկեղծ, ամեն ինչ ԱՅՍՏԵՂ ասված է!!


Իսկ հիմա անցնենք հաճելիին... Նախ` ֆուտբոլային այն ակումբը, որին երկրպագում եմ 6 տարուց ավել` Բարսելոնան, երեկ գեղեցիկ հաղթանակի հասավ իր հիմնական մրցակցի նկատմամբ, ուրախացրեց /սպասենք պատասխան խաղին` մեկ շաբաթից: Հա, ի դեպ, շնորհակալություն քվեարկության համար/ :)


Երկրորդ հաճելի նորությունը վերաբերում է կրթության ոլորտին. շատ հաճելի է տեսնել, որ բացի 2012-ին գրքի մայրաքաղաք լինելուց Երևանը այսուհետ փաստացի դառնում է նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք... Դրա մասին կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ!! 


Հ.Գ. Հազիվ հանդիպեցինք, առիթն օգտագործեմ ու մի անձնական նորություն էլ ավելացնեմ... :) 1 օր առանց ընդմիջման հաճելի տանջանքի (և՛ իմ, և՛ ԳիՏաՌիս) շնորհիվ այսօր ես արդեն/վերջապես կարողացա նվագել գիտաՌիս նՅեՌվերի վրա: Իսկ հիմա գնամ քնելու, 4 ժամից քննություն ունեմ :)



4 комментария: