Քիչ առաջ վերադարձա Ծիծեռնակաբերդից, վերադարձա պարտքս կատարած... Նախօրոք ասեմ, որ այն մարդկանցից չեմ, որոնք տարին 1 անգամ /Ապրիլի 24-ին/ են այցելում 1915թ. զոհված 1,5 մլն. անմեղ ՀԱՅԵՐԻ հուշահամալիր, այն էլ` մնացածներից հետ չմնալու համար... Այո, ցավալի փաստ է, որ նման մարդիկ «փոքրամասնություն» չեն կազմում... ՈՒ երբ տեսնում եմ անհասկանալի, երջանիկ ժպիտը դեմքներին մարդկանց, որոնք միանգամից աչքի են ընկնում ապրիլքսանչորսյան երթի մարդկանց անվերջանալի հոսքի մեջ, ուղղակի անբացատրելի նողկանք, գարշանք ու զարմանք եմ ապրում... Էլի ու էլի... Ախր ամեն օր քաղաքով շրջելիս այդքան ուրախ դեմքեր չես տեսնի, որքան այդ օրը, այդտեղ...
Չեմ ուզում վատաբանել ազգիս, պարզապես անմակարդակության դեմ պայքարել չի ստացվում, նյարդայնացնող է...
Այս անգամ Ապրիլի 24-ին ուղիղ 00:30 գնացի Ծիծեռնակաբերդ, քանի որ /դժբախտաբար/ չեմ կարող հենց այդ օրը այցելել... ՈՒ հաճելիորեն զարմացա. չնայած այս ուշ ժամին` այնքա՜ն շատ մարդ կար...
Վաղը, ինչպես ամեն տարի այդ օրը, նորից երկինքը կարտասվի... Նորից Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահի ու մնացած բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ նրանց ետևից` միլիոնավոր հայեր`հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների հիշատակին... ՈՒ դա կշարունակվի մի քանի օր: Նորից ինտերնետային բազմաթիվ ցանցերում կգերակայեն "Հայերի Ցեղասպանության ընդունման պահանջով" ու "1915թ. անմեղ զոհերի հիշատակը հարգելու կոչով" նկարները...
Բազմաթիվ տարիներ մեր ժողովուրդը միայնակ է կրել 20-րդ դարի իր մեծագույն ողբերգության խորը վիշտը: Իսկ այսօր միլիոնավոր մարդիկ մեզ հետ նշում են Ցեղասպանության հիշատակը, 96-րդ տարելիցը...
Այնպես է ստացվել, որ 2011-ի ապրիլի 24-ը նաև քրիստոնեական ՄԵԾ տոնի` Քրիստոսի Հարության Օրն է, որը մենք` հայերս, կոչում ենք նաև «Մեծ/Սուրբ Զատիկ»...
Վստահ եմ` բազմաթիվ բլոգերներ կանրադառնան թեմային, ու քանի որ ինքս ծավալվելու ցանկություն չունեմ, ու ռեյտինգային պոստ ստեղծելու միտում ընդհանրապես չկա, պարզապես ցանկանում եմ շնորհավորել բոլոր ՔՐԻՍՏՈՆԻԱՆԵՐԻՆ այս մեծ տոնի կապակցությամբ /Քրիստոս հարյավ ի մեռելոց... Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի.../, ու ցանկանալ անսահման բարություն ու հավատ լավի նկատմամբ...
ՈՒ թող Աստծո օրհնությունը լինի մեր ժողովրդի վրա, մենք էլ` ՀԱՅԵՐՍ, հավերժ վառ պահենք ու հարգենք Հայոց "Գենոցիդի" ժամանակ Օսմանական Թուրքիայի կառավարության կողմից կոտորածի ենթարկած 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը...
ՀԳ - Դեռ փոքր տարիքում այնքան պատրիոԾիզմ կար մեջս, այնքան մեծ ցանկություն` ստանալ այդ բարոյական բավարարվածությունը` ստիպելով աշխարհին ընդունել Հայոց ազգի Ցեղասպանության փաստը, որ չնայած գրեթե չէի հասկանում, թե ինչպես է դա արվում և ինչու, բայց մի գլուխ Ցեղասպանության ընդունում էի պահանջում ինքս էլ չգիտեմ `ումից, անընդհատ ուսումնասիրում էի ու ողբում)
ՀՀԳ - Հայոց Ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու ոչ ավել, ոչ պակաս, քան ԵՐԱԶԱՆՔս էլ ինձ «ստիպեց» ընտրել ապագա մասնագիտությունս, ընդունվել Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ, որտեղ, սակայն /կներեք, չեմ կարող չասել/, մի գլուխ պատմություն են դասավանդում... /Ֆակուլտետի մասին կխոսենք մեկ այլ գրառման մեջ.../

Комментариев нет:
Отправить комментарий