Վաղուց գրառում չէի կատարել. վայելում եմ անհոգ /գրեթե/ ամառս... ՈՒ հիմա պիտի գրառեմ մի քիչ բարկացած, մի քիչ տխուր տրամադրությամբ, պԱչԾի-հուսահատ ժպիտը դեմքիս, բայց ինչ-որ բան ինչ-որ չափով փոխելու վճռականությամբ...
Քիչ առաջ իմացա, որ ամենամոտ ընկերուհիս ուղիղ մեկ տարուց լքելու է հայրենիքը: Ցանկությունը փոքր է, պատճառները` շատ... Ի՞նչ անել...
Ինչևէ, հանգիստ թողնենք պոստիս «մեղավորին» ու խոսենք բուն թեմայից...
Սա մի հարց է, որի մասին ոչ մեկ չի ցանկանում լռել... Մի մասը ջանք չի խնայում հայրենասիրություն ուսուցանել, մի քիչ օպտիմիզմ, մի քիչ էլ սենտիմանտալիզմ ու միամտություն սերմանել ՀԱՅ երիտասարդի մեջ, մի մասը չի հապաղում քիթը բարձր վստահորեն հայտնել, որ «իր համար միևնույն է, գնում են, թող գնան» կամ որ «միևնույն է, ոչ օգուտ են տալիս, ոչ վնաս», իսկ պրագմատիկ-պրիմիտիվ զանգվածից յուրաքանչյուրը անտարբերա-սարկազմային հայացքով ասում է բերանացի արած խոսքեր` «վարյանտ ունենայիր, դու էլ կլքեիր»...
Ո՛Չ, ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ!
Դուք կամաց-կամաց հեռանում եք... Մենք կամաց-կամաց ուժասպառ ենք լինում... Հեռանում եք, լավ, բայց ՈՒ՞Ր... Օտարի հողի վրա ապրելու՞... Մի՞թե այդ օտարն է քեզ ջուր տալու, քեզ օգնության ձեռք մեկնելու, կամ, որ ավելի վատ է, չի մեկնի, ու ստիպված ես լինելու կառչել օտարի ոտքից...
Ո՛Չ, ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ!
ԵՍ ու ԴՈՒ ամեն ինչ արեցինք, բայց ոչինչ չարեցինք... ՈՒ ինչի՞ վերածվեց մեր պայքարի ընթացքը... - Հարմարվողականության ու անտարբերության իներցիայի, ու ԴՈՒ հասար օտարի դռանը! Ինչպես կասեր հիասքանչ մտածող ու հայրենասեր մի լրագրող /Մ.Աբելը/, «Ձեր անարձագանք թակոցը արձագանքվեց հայրենիքում, ու անկանոն հերթեր գոյացան ուրիշ փակ և բաց դռների առջև»...
ԴՈՒ հեռանում ես առանց ետ նայելու և առանց տխրության... Գիտես, օսմանյան կայսրության ժամանակ, երբ ՀԱՅը ձեռքն էր առնում պանդխտության ցուպը ու հեռանում էր, տխրությամբ ու արցունքներով էր հեռանում, գնում էր հույսով, որ փող կաշխատի ու անպայման կվերադառնա իր ընատնիք, կվերադառնա, թուրքի ու քրդի հարկը կտա, բայց կապրի ԻՐ երկրում, թեկուզ կոտորածի ահը սրտում, բայց ԻՐ ԷՐԳՐՈՒՄ, իր արմատներին մոտ... Իսկ հիմա... Հիմա տուն ու տեղ, ամեն ինչ վաճառում ու առանց ետ նայելու գնում են... Դեռ գնալուց առաջ խնջույք ենք կազմակերպում ու «տարոսը մնացողներին լինի» մաղթում...
Հմ... ՈՒրեմն դու էլ հեռանու՞մ ես... Ախր որքան ԴՈՒ ես հեռանում ՄԵՐ հայրենիքից, այդքան էլ ՄԵՐ հայրենիքն է հեռանում քեզանից ու ինձանից... ՈՒ արդեն հեռացել է... ՀԱ, հեռացել է, որովհետև ՄԵՐ հայրենիքը միայն Արարատն ու Արագածը չեն, մեր պատմությունը չի... Հայրենիքը այլևս բանվորն է, որը ստիպված թե անտարբերությամբ ընտրակաշառք է վերցնում, երթուղայինի վարորդն է, որ հայհոյում է ծեր կնոջը` մոռանալով, որ նման մի ծեր կին էլ իր տանն է նստած իրեն սպասում, երաժիշտն է, որ թուրքերեն ու ադրբեջաներեն է նվագում, լսում, պՌոպագանդում... Հայրենիքը նաև դատավորն է, որ սխալ վճիռ է կայացնում, լրագրողը, որ պատվիրված հոդված է գրում, մեծահարուստը, որ «բարեգործություն» է անում, ոստիկանն է, որ չի պաշտպանում, բժիշկը, որ չի բուժում, պատգամավորը, որ օրենք չի գրում ու նախագահն է, որ այս ամենը հանդուրժում է կամ չի կարողանում/ուզում դրա դեմն առնել...
Սրանք փաստեր են, որոնք ընդունել շատերը չեն ուզում, դրա դեմ պայքարել չեն ուզում, իսկ դրանց մասին խոսում են իբրև պատճառ` հայրենիքը լքելիս...
Դե, այդ «շատերի» թվին պատկանող, ԴՈՒ հեռացիր, իսկ ինչո՞ւ պետք է ԵՍ հեռանամ...
ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ!
Սա ԻՄ երկիրն է, ԻՄ հոր կառուցած տունն ու պապիս գերեզմանն է այստեղ: Թող նրանք գնան, որ այս ամենը գնահատել ու հասկանալ չկարողացան, որ իրենց ընչաքաղցության պատճառով երկիրը հասցրեցին ԱՅՍ օրվան ու ԴՈՒ հիմա գնում ես... Թող ԻՐԵՆՔ ռադ լինեն, վերջանան!
Իսկ ԵՍ ՊԻՏԻ ՄՆԱՄ, որ իրենք գնան, որ իրենք գնան ու երկրում այլևս «մութուցուրտ» չլինի, որ երկիրը հաստագլուխ օլիգարխների ոտքի տակ չընկնի, որ ԻՄ երկիրը անասունների արոտավայր չդառնա...
ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ!
| ԻՄ Հայաստա՜ն |
Իսկ դու, միևնույն է, շտապում ես իրերդ հավաքել... Գնա, իմացիր միայն, որ ուր էլ գնալու լինես, ԴՈՒ ապրելու ես աշխարհի ՈՉ քո տարածության մեջ, որովհետև աշխարհում կա ՄԻԱՅՆ մի տարածություն, ուր ՔՈ արմատներն են, ու անկարելի է կտրվել արմատներից, քանի դեռ դրանք չեն չորացել /կամ քանի դեռ դրանց ՉԵՆ ՉՈՐԱՑՐԵԼ/...
ԻՍԿ ԵՍ ԿՄՆԱՄ!
Կմնամ ու կփորձեմ թույլ չտալ, որ չորանան կամ չորացվեն ԻՄ արմատները!